Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Թող ձեզ բախտ վիճակվի ապրել հետաքրքիր ժամանակներում

Թող ձեզ բախտ վիճակվի ապրել հետաքրքիր ժամանակներում
19.02.2018 | 00:14

Սիրիայում ռուսները ավելի նկատելի հաջողություններ ունեն, քան մենք: Մասամբ այն պատճառով, որ մենք բազմաթիվ նպատակներ ունենք` շատերը փոխբացառող, իսկ ռուսները կենտրոնացել են մեկ նպատակի շուրջ: Մենք ուզում ենք ջախջախել ԻՊ-ը, օգնել քրդերին, բարիացնել Թուրքիային, զսպել Իրանին, կանխել Իրաքի մասնատումը և հասնել այնպիսի քաղաքական համաձայնության, որ պայմանավորի Բաշար Ասադի հեռացումը իշխանությունից:

Բոլորը արժանավոր ու ազնիվ նպատակներ են, սակայն ոչ մեկին հնարավոր չէ հասնել` մյուսների իրականացումը չվտանգելով: Ռուսաստանի նպատակն է երաշխավորել իր երկարաժամկետ ներկայությունը Սիրիայում` պահպանելով ռազմածովային և ռազմաօդային բազաները` միակ ռազմական օբյեկտները նախկին ԽՍՀՄ-ի տարածքից դուրս: Այսինքն` Ասադի վարչակարգին ցանկացած սպառնալիք` Ռուսաստանի գերտերության կարգավիճակի վերականգնման Պուտինի երազանքի սպառնալիք է, և ցույց կտա, որ նրա երազանքը դատարկ ֆանտազիա է: Երբ 2015-ին Ասադի վարչակարգը սկսեց ապստամբների ճնշման տակ թուլանալ, Պուտինը Սիրիա ուղարկեց իր ինքնաթիռները, հրթիռները, խորհրդականներին ու զինվորականներին, որ փրկի Ասադին աղետալից պարտությունից: Սակայն այդ քայլը և Ռուսաստանի ռազմական ներկայությունը Սիրայում չօգնեցին մեծացնել իր ազդեցությունը Մերձավոր Արևելքում: Փոխարենը, ինչպես RAND կորպորացիայի փարձագետները գրեցին` Ռուսաստանը հայտնվեց «Սիրիայի որոգայթում»: Պուտինը բախվեց նույն սահմանափակումներին, որոնց բախվել էր ԱՄՆ-ը: Հիմա Սիրիայում բազում պատերազմներ են մղվում: Մի պատերազմի դաշնակիցները միաժամանակ երդվյալ թշնամիներ են մյուս պատերազմում: Քաղաքական և աշխարհագրական իմաստներով այս պատերազմներն այս կամ այն կերպ հատվում են: Քանի որ այդ բոլոր պատերազմների ինտենսիվությունը մեծանում է և դիվանագիտական ջանքերը ոչնչի չեն հանգեցնում, կողմերից յուրաքանչյուրը կարող է միայն սահմանափակ ազդեցություն ունենալ և կորցնել, եթե պայքարը շարունակվի: Անցած աշնանը թվաց, որ Պուտինն իրոք հաղթում է Սիրիայում, նրա հարվածները ապստամբ խմբավորումներին օգնեցին Ասադին պահպանել իշխանությունը, Պուտինը նույնիսկ հայտարարեց, որ Ռուսաստանի առաքելությունը Սիրիայում ավարտվել է և իր զորքերը տուն են վերադառնում: Նոյեմբերին Պուտինը կազմակերպեց միջազգային կոնֆերանս Սոչիում, որ քննարկի Սիրիայի ապագան:

Կառնեգիի Մոսկվայի կենտրոնի տնօրեն Դմիտրի Տրենինը Foreign Affairs-ում գրեց. «Ռազմական միջամտության և դիվանագիտական մանևրների միջոցով ՌԴ նախագահ Վլադիմր Պուտինը իր երկիրը դարձրեց սիրիական կոնֆլիկտի առանցքային խաղացողներից մեկը»: Բայց խաղաղապահի դեր խաղալու Պուտինի բոլոր փորձերը դարձան անիմաստ` Իրանն ու Թուրքիան միակ երկրներն էին, որ մասնակցեցին Սոչիի սամմիթին և ցանկացած բանաձև, որ նրանք կարող էին առաջարկել, կանտեսեին կոնֆլիկտի մյուս կողմերն ու նրանց հովանավորները: Հետո իրավիճակն ավելի բարդացավ: Տարեմուտին ապստամբները խփեցին Սիրիայում ռուսական ավիաբազային, ոչնչացնելով 7 ինքնաթիռ և պայթեցնելով զինապահեստն ու վիրավորելով 10 մարդու: Փետրվարի սկզբին ապստամբների մեկ այլ խմբավորում խփեց ռուսական ռազմական ինքնաթիռը: Անցած շաբաթ ամերիկյան ուժերը սպանեցին 200-ից ավելի ռուսաստանցի պայմանագրայինների, երբ նրանք փորձեցին գրավել Սիրիայի արևելքում նավթով հարուստ բազան, որ ամերիկացիների ու քրդերի վերահսկողության տակ էր: Ռուսաստանի ՊՆ-ն ժխտում է իր առնչությունը այդ գրոհին և հայտարարում է, որ միայն 25 «սիրիացի» զինվորներ են վիրավորվել և եթե զինյալների մեջ եղել են ՌԴ քաղաքացիներ, այնտեղ իրենց կամքով են հայտնվել: ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցիչները ասադյան ուժերին անվանեցին «գումարտակ, որ իր տրամադրության տակ ուներ հրետանի, տանկեր, հրետակոծության հրթիռային համակարգեր և ականանետեր»: Միայն փետրվարի 15-ին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ընդունեց, որ սպանվածներից հինգը, հնարավոր է, ՌԴ քաղաքացիներ են և հավելեց. «Ես ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ խոսքը ռուս զինծառայողների մասին չէ»:
Սիրիայում ռուսական ռազմական միամտության հետևանքով զոհվածների թիվը գերազանցում է Ռուսաստանի կորուստները: 2017-ին Ռուսաստանը Սիրիայում 40 մարդ է կորցրել` նշանակալից կորուստ չէ 5000 խաղաղ քաղաքացիների համեմատ, որ ավիահարվածների զոհ են դարձել: Սակայն այդ կորուստներն էլ Մոսկվայում տագնապ են հարուցում: Գուցե Պուտինին հաջողվել է իրենից հանել պատասխանատվությունը Ռուսաստանի կյանքի ամենատարբեր ոլորտների բազում խնդիրների համար, բայց իրավիճակը կարող է լրջորեն սրվել, եթե հեռավոր երկրներում կասկածելի պատերազմների հետևանքով Ռուսաստան են ուղղվում պարկերով դիակներ: Դրանով է բացատրվում, որ Կրեմլը չի ցանկանում ընդունել Ռուսաստանի կորուստները Սիրիայում և գործնականում պետական լրատվամիջոցների լիակատար լռությունը այնտեղ կռվող ռուսաստանցիների մասին` ռուսական զորքերը Սիրիայից դուրս բերելու Պուտինի հայտարարությունից հետո (որ, բնականաբար, տեղի չունեցավ): Պուտինը կամ ծայրահեղ դեպքում` նրա գլխավոր շտաբը պետք է իմանա, որ ռուսական զինված ուժերը հեռավոր երկրներում ռազմական գործողությունների մեծ փորձ չունեն: Լոգիստիկան խնդիր էր նույնիսկ այն ժամանակ, երբ խոսքը հարևան Աֆղանստանի կամ նույնիսկ ՈՒկրաինայի արևելքի մասին էր, որ ռուսաստանցի զինվորականները մինչև հիմա օկուպացրել են (դա նույնպես ժխտվում է): Շատ վերլուծաբաններ ապշած էին, որ Ռուսաստանին ընդհանրապես հաջողվեց հավաքել այդքան ժամանակակից կործանիչներ, դրոններ, հրետանու հրթիռներ ու տանկեր և ուղարկել հեռավոր Սիրիա: Այո, Ռուսաստանը, ինչպես Foreign Affairs-ի վերլուծաբանն է նշում, իրոք դարձավ «սիրիական կոնֆլիկտի գլխավոր խաղացողներից մեկը», բայց դա միանշանակ լավ լուր չէ և ավելի շատ նման է չինական անեծքի` «Թող ձեզ բախտ վիճակվի ապրել հետաքրքիր ժամանակներում»:
Ֆրեդ ԿԱՊԼԱՆ, Slate, ԱՄՆ


Հ.Գ. Փաստորեն` մենք բոլորս չինական անեծքի զոհերն ենք, որ ապրում ենք ոչ միայն հետաքրքիր, այլև օրեցօր հետաքրքիր դարձող ժամանակներում, օրեցօր փոփոխվող աշխարհում` առանց ներգործել կարողանալու այդ փոփոխությունների ընթացքի վրա: Slate-ը գուցե օբյեկտիվորեն է ողբում Ռուսաստանի համար, բայց նվազ ողբերգական վիճակում չէ ԱՄՆ-ը, առավել ևս Թուրքիան կամ Իրանը: Իսկապես սա պատերազմ է, որտեղ բոլորը կռվում են բոլորի դեմ ու չգիտեն` ինչի համար: Եվ չի գտնվում պատերազմը դադարեցնելու պատճառ ու իմաստ: Կհեռանա, թե չի հեռանա Բաշար Ասադը, պատերազմը շարունակվելու է այնքան, քանի դեռ ներքին ու արտաքին ուժերը կռվում են նավթի ու գազի և հաղորդակցուղիների համար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1800

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ